Հայաստան - ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող խոշորագույն տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ: Մասնակից 57 երկրներն ունեն հավասար կարգավիճակ: ԵԱՀԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով` ունենալով քաղաքական, այլ ոչ իրավական պարտադրող ուժ:

Հայաստանն անդամակցում է ԵԱՀԿ-ին 1992թ. հունվարի 30-ից: ՀՀ մշտական ներկայացուցչությունը համագործակցում է ԵԱՀԿ մասնակից երկրների, գործընկերների և գործադիր կառույցների հետ` կազմակերպության բազմահարթային և համապարփակ անվտանգության մոտեցման շրջանակներում, որը ներառում է ռազմաքաղաքական, տնտեսական բնապահպանական և մարդկային չափանիշների հարթությունները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերն իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, համանախագահների` ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի, ղեկավարությամբ: Մինսկի խմբի անդամներն են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև ԵԱՀԿ տրոյկան կազմող երկրները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հնարավոր հետագա խաղաղապահ գործողության իրականացման նախապատրաստման համար ԵԱՀԿ շրջանակներում գործում է Բարձր մակարդակի ծրագրավորման խումբը (մանդատն ընդունվել է 1995թ. մարտին):1995թ. հիմնվել է ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովին վերաբերող հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը, որը 1996թ. հուլիսից զբաղեցնում է դեսպան Անջեյ Կասպրժիկը (Լեհաստան):

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հիմնվել է ԵԱՀԿ մշտական խորհրդի 1999 թ. հուլիսի 22-ի որոշման հիման վրա և սկսել է գործել 2000թ. փետրվարի 16-ից` ՀՀ Ազգային ժողովի կողմից ԵԱՀԿ-ԱԳՆ փոխըմբռնման հուշագրի վավերացումից հետո:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մասնակից-երկրների միջխորհրդարանական հարաբերությունների եւ համագործակցության մարմին է: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացված է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությամբ: