ԵԱՀԿ մարմինները

ԵԱՀԿ գագաթաժողովները (Summits) ԵԱՀԿ 56 մասնակից պետությունների ղեկավարների կամ կառավարության ղեկավարների պարբերական հանդիպումներն են, որոնց ընթացքում կայացվում են կարեւորագույն որոշումներ, այդ թվում նաեւ կազմակերպության գերակայությունների վերաբերյալ: Գագաթաժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում որոշումներ կայացնող եւ ղեկավարող կենտրոնական մարմին է հանդիսանում ԵԱՀԿ նախարարական խորհուրդը: 1975թ-ից ի վեր գումարվել է 7 գագաթաժողով (1975-ին եւ 1992-ին` Հելսինկիում, 1990-ին` Փարիզում, 1994-ին` Բուդապեշտում, 1996-ին` Լիսաբոնում, 1999-ին` Ստամբուլում, 2010-ին` Աստանայում):

Նախարարական խորհուրդը (Ministerial Council) որոշումներ կայացնող եւ ղեկավարող կենտրոնական մարմին է: Նախարարական խորհրդի հանդիպումներն ունեն տարեկան բնույթ եւ սովորաբար անց են կացվում տարեվերջին ԵԱՀԿ նախագահող երկրի մայրաքաղաքում (18-րդ հանդիպումը կայացել է Վիլնյուսում 2011թ. դեկտեմբերի 6-7-ը): Այդ հանդիպումների ժամանակ ԱԳ նախարարների մակարդակով քննարկվում են ԵԱՀԿ տարածքում անվտանգությանն առնչվող առանցքային խնդիրներ, ընդունվում են որոշումներ, որոնցով ուղղորդվում է կազմակերպության աշխատանքը: ՆԽ ընթացքում ընդունվում են նաեւ կազմակերպության ընթացիկ գործունեությունը կանոնավորող այնպիսի որոշումներ, ինչպիսիք են ԵԱՀԿ հաջորդ նախագահության, ԵԱՀԿ հաստատությունների ղեկավարների ընտրության եւ այլ հարցերը:

Մշտական խորհուրդը (Permanent Council) որոշում կայացնող գլխավոր մարմիններից մեկն է, որն ամեն շաբաթ նիստեր է գումարում Վիեննայում` ԵԱՀԿ իրավասության ներքո գտնվող խնդիրների հետ կապված զարգացումները քննարկելու եւ համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով: Այն կազմված է մասնակից պետությունների մշտական ներկայացուցիչներից, որոնք ներկայացված են դեսպանների մակարդակով: ՄշտԽ նախագահ է հանդիսանում տվյալ տարվա ընթացքում ԵԱՀԿ-ում նախագահող երկրի դեսպանը: 2011թ.-ին ՄԽ նախագահն է ԵԱՀԿ-ում Լիտվայի մշտական ներկայացուցչության ղեկավար Ռենատաս Նորկուսը:

Անվտանգության եւ համագործակցության ֆորումը (Forum for Security and Cooperation) հիմնադրվել է 1992թ. Հելսինկիի գագաթաժողովի որոշմամբ: Հանդիսանում է ԵԱՀԿ որոշում կայացնող մարմիններից մեկը: Ֆորումի նիստերը գումարվում են շաբաթը մեկ անգամ Վիեննայում` մշտական ներկայացուցիչների, դրանց փոխարինողների կամ ռազմական կցորդների մակարդակով: Ֆորումի հիմնական խնդիրներն են.

  • սպառազինությունների վերահսկման, զինաթափման, վստահության ամրապնդման եւ անվտանգության խնդիրների շուրջ բանակցությունների անցկացում,
  • ակտիվ համագործակցության անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ եւ այդ նպատակով պարբերական խորհրդակցությունների անցկացում,
  • հակամարտությունների ծագման հավանականության նվազեցում:

Ֆորումի շրջանակներում ընդունված կարեւորագույն փաստաթղթերն են. Վիեննայի փաստաթուղթը (Vienna Document), Անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների վերաբերյալ վարքի կանոնակարգը (Code of Conduct on Politico-Military Aspects of Security), Թեթեւ զենքերի եւ փոքր տրամաչափի սպառազինությունների մասին փաստաթուղթը (Small Arms and Light Weapons –SALW) եւ Սովորական սպառազինությունների պահեստավորման մասին փաստաթուղթը (Document on Stockpiles of Conventional Ammunition –SCA):

Գործող նախագահը (Chairman-in-Office) համակարգում է կազմակերպության գործունեությունը: Գործող նախագահը նախագահող պետության արտաքին գործերի նախարարն է: Նախագահության ժամկետի տեւողությունը մեկ տարի է: Գործող նախագահին աջակցում է «Տրոյկան», որը կազմված է նախկին, ներկա եւ ապագա նախագահներից (ներկայումս` Ղազախստանի, Լիտվայի եւ Իռլանդիայի ԱԳ նախարարներ):

Գլխավոր քարտուղարը (Secretary General) կազմակերպության գլխավոր վարչական պաշտոնյան է, որը նշանակվում է Նախարարների խորհրդի կողմից երեք տարի ժամկետով: Գլխավոր քարտուղարը աջակցում է ԵԱՀԿ գործող նախագահին, իրականացնում է ԵԱՀԿ քարտուղարության եւ առաքելությունների ղեկավարումը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն է Լամբերտո Զաննիերը (Իտալիա), որը զբաղեցնում է այդ պաշտոնը 2011թ. հունիսից:

Քարտուղարությունը (Secretariat) հիմնադրվել է 1991թ. Պրահայում, իսկ 1993թ. տեղափոխվել է Վիեննա: Այն իր գրասենյակն ունի նաեւ Պրահայում, ուր պահվում են արխիվային փաստաթղթերը եւ տեղեկատվությունը: ԵԱՀԿ-ի քարտուղարության աշխատանքները ղեկավարում է կազմակերպության Գլխավոր քարտուղարը: Քարտուղարության լիազորությունների մեջ է մտնում ԵԱՀԿ-ի գործունեության ապահովումը, շփումների իրականացումը միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ, համաժողովների եւ դրանց թարգմանչական ծառայությունների տրամադրումն ու կազմակերպումը, ինչպես նաեւ կազմակերպության վարչաֆինանսական եւ կադրային ապահովումը: Քարտուղարությունը ներառում է Գլխավոր քարտուղարի գրասենյակը, առաքելությունների հետ մշտական կապն ապահովող Հակամարտությունների կանխարգելման կենտրոնը (Conflict Prevention Centre), Մարդկային ռեսուրսների (Department of Human Resources), Ծառայությունների եւ բյուջեի վարչությունները (Department of Support Services and Budget), ԵԱՀԿ տնտեսական եւ բնապահպանական գործունեության համակարգողի (Co-ordinator of OSCE Economic and Environmental Activities) գրասենյակը եւ այլն:

Ժողովրդավարական հաստատություների եւ մարդու իրավունքների գրասենյակը (Office for Democracic Institutions and Human Rights – ODIHR) կոչված է սատարելու ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը եւ դրան առնչվող խորհրդատվության եւ տեղեկատվության փոխանակմանն ու տրամադրմանը ԵԱՀԿ ողջ տարածքում: Այդ գրասենյակի գործունեությունը իրականացվում է չորս ուղղություններով` ընտրություններ, ժողովրդավարացում, մոնիտորինգ եւ մարդու իրավունքներ: Գրասենյակը տեղակայված է Վարշավայում: 2008թ. հուլիսի 1-ից ԺՀՄԻԳ-ի գրասենյակի տնօրեն ընտրվեց դեսպան Յանեշ Լենարչիչը (Սլովենիա): Գրասենյակը տեղակայված է Վարշավայում:

Հակամարտությունների կանխարգելման բնագավառում հատկապես կարեւորվում է Ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ Գերագույն հանձնակատարի (High Commissioner on National Minorities) գործունեությունը: Ներկայումս Գերագույն հանձնակատարն է դեսպան Կնուտ Վոլեբեկը (Նորվեգիա): Գրասենյակը տեղակայված է Հաագայում:

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի (OSCE Representative on the Freedom of Media) պաշտոնը ստեղծվել 1997թ.` ԵԱՀԿ մասնակից երկրներում մամուլի զարգացմանը հետեւելու, խոսքի եւ մամուլի ազատության խախտումներին արագ արձագանքելու, մամուլի ազատության հետ կապված մասնակից երկրների պարտավորությունների կատարմանն աջակցելու նպատակով: Գրասենյակը տեղակայված է Վիեննայում: Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը 2010թ.-ից Դունյա Միատովիչն է (Սերբիա):

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը (Parliamentary Assembly) կազմված է մասնակից պետությունների 320 պատգամավորներից: ԵԱՀԿ այս մարմնի գլխավոր խնդիրն է աջակցել միջխորհրդարանական երկխոսությանը: Քարտուղարությունը գտնվում է Կոպենհագենում: 2010թ. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընթացքում Խորհրդանական Վեհաժողովի նախագահ է ընտրվել Պետրոս Էֆթիմիուն (Հունաստան):

ԵԱՀԿ առաքելությունների (OSCE Missions) մեխանիզմը, որի միջոցով կազմակերպությունը սատարում է մասնակից-երկրներին, ստեղծվել է 90-ականների սկզբին: Առաքելությունների հիմնադրման եւ նրանց լիազորությունների մասին որոշումները կայացվում են ԵԱՀԿ ՄԽ կողմից` ընդունող կողմի հետ համաձայնությամբ: Առաքելության ղեկավարը նշանակվում է Գործող նախագահի կողմից եւ հանդիսանում է ԵԱՀԿ մասնակից-երկրներից որեւէ մեկի քաղաքացին: Առաքելության գործունեությունը ուղղորդվում եւ համակարգվում է ԵԱՀԿ քարտուղարության, Գործող նախագահի գրասենյակի կողմից: Ներկայումս ԵԱՀԿ-ն ունի 15 առաքելություններ, կամ այսպես կոչված դաշտային ներկայություններ Հարավ-արեւելյան Եվրոպայի (Ալբանիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Մոնտենեգրո, Սերբիա, Հարավսլավիայի Նախկին Մակեդոնիայի Հանրապետություն) Արեւելյան Եվրոպայի (Մոլդովա, Ուկրաինա), Հարավային Կովկասի (Հայաստան, Ադրբեջան) եւ Կենտրոնական Ասիայի (Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան) երկրներում:

ԵԱՀԿ գրասենյակ է գործում նաեւ Կոսովոյում: