Լուրեր

ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին

08.11.2018

Կից լուսանկարներ

ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին

Ամբողջ ալբոմ »

 

Նոյեմբերի 8-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1200-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարեկան զեկույցին։

Շնորհակալություն հայտնելով Մինսկի խմբի համանախագահներին ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման ուղղությամբ ներդրած ջանքերի համար՝ դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ 2018թ. նշանավորվում է կարևոր տարեդարձով. 1988թ. փետրվարին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհուրդը որոշում կայացրեց` խնդրելով Խորհրդային Հայաստանին և Խորհրդային Ադրբեջանին ըմբռնումով մոտենալ Ղարաբաղի հայ բնակչության կամքին և իղձերին ու համաձայնել մարզը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու հետ: Ընդգծվեց, որ ինքնորոշման այս հայտին ի պատասխան Ադրբեջանն իրականացրեց բռնություններ, տեղահանումներ և ոճրագործություններ, սանձազերծեց պատերազմ:

Դեսպան Կիրակոսյանն արձանագրեց, որ այդ ժամանակվանից ի վեր Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը դարձել են հակամարտության կարգավորման կարևորագույն տարրերը:

Հայկական կողմն ընդգծեց նաև, որ հայ ժողովուրդն այսօր էլ մեծապես արժևորում է ժողովրդավարությունն և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը փաստվեց այս գարնանը Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական փոփոխություններով, որի արդյունքում այս դեկտեմբերին կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործում ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշմանը` դեսպան Կիրակոսյանն առանձնացրեց մի շարք կարևոր կետեր.
Առաջին, Արցախի ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը հակամարտության լուծման առանցքային հարցերից են և հանդիսանում են Հայաստանի բացարձակ առաջնայնությունը:

Երկրորդ, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները պետք է վճռական ձայն ունենան հակամարտության կարգավորման գործում: Արցախի և նրա ժողովրդին հակամարտության կարգավորման գործընթացից օտարելու ցանկացած փորձ հակասում է թե՛ հակամարտության ծագման պատճառներին, թե՛ առկա իրականությանը: Արցախը բնակեցված է իր բնիկ ժողովրդի կողմից, որը պատմականորեն մշտապես բացարձակ մեծամասնություն է կազմել, ներառյալ` հակամարտության բոլոր փուլերում:

Երրորդ, Հայաստանը շարունակում է աջակցել Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Չորրորդ, հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և ռազմական սցենարները պետք է անվերապահորեն մերժվեն: 2016թ. ապրիլի ռազմական արկածախնդրությունը բացասական ազդեցություն ունեցավ խաղաղ գործընթացի վրա: Ներկայիս դրական դինամիկային, որը ձևավորվել է վերջին հանդիպումների և Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, պետք է հետևի Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում արդեն իսկ համաձայնեցված վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների իրականացումը, որի հետևանքով պետք է ամրապնդվի ԵԱՀԿ ներկայությունը հակամարտության գոտում:

Հինգերորդ, խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծումը պահանջում է ոչ միայն լարվածության նվազեցում և մոնիտորինգային մեխանիզմների ներդրում, այլև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում: Թշնամական հռետորաբանությունն ու առավելապաշտական դիրքորոշումները կասկածի տակ են դնում փոխզիջման հնարավորությունները:

ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և նրա թիմին՝ հրադադարի ռեժիմի ուժեղացման և կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների խթանման համար: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միակ միջազգային ներկայությունն ու Հարավային Կովկասում միակ ԵԱՀԿ ներկայությունը կարևոր դեր է կատարում շփման գծում և սահմանային հատվածում լարվածության թուլացման գործում: