Լուրեր

ԱԳ նախարար Մնացականյանը մասնակցեց ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հադիպմանը Սլովակիայում

09.07.2019

Կից լուսանկարներ

ԱԳ նախարար Մնացականյանը մասնակցեց ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հադիպմանը Սլովակիայում

ԱԳ նախարար Մնացականյանը մասնակցեց ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հադիպմանը Սլովակիայում

 

 

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Սլովակիայում կայացած «Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը կայունությունը խթանելու գործում Եվրոպայում և անդին» խորագրով ԵԱՀԿ նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը, որին մասնակցում էին ավելի քան երկու տասնյակ երկրների ԱԳ նախարարներ, ԵԱՀԿ կառույցների ղեկավարներ:

 

Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Սլովակիայի ԱԳ նախարարին հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Նախարար Մնացականյանն անդրադարձավ ԵԱՀԿ գործունեության երեք հարթություններում առկա մարտահրավերներին՝ ընդգծելով, որ, ըստ էության, ԵԱՀԿ-ն եվրոպական ճարտարապետության մաս է, որը միավորում է բազմակողմ համագործակցությունը մեծապես կարևորող մեծ և փոքր պետությունների: «Հաշվի առնելով ԵԱՀԿ առավել լայն աշխարհագրությունը, որտեղ ներկայացված են մասնակից պետություններ ՀԱՊԿ-ից, Եվրասիական տնտեսական միությունից, ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից, ինչպես նաև երկրներ, որոնք որևէ միության անդամ չեն, ապա պետք է ընդգծել, որ սա կարևոր հարթակ է՝ փորձարկելու տարբեր գաղափարներ, տարբեր ճանապարհներ, որոնք ուղղված են եթե ոչ տարբերությունների հաղթահարմանը, ապա առնվազն դրանց կառավարմանը։ Սա շատ կարևոր արժեք է, որը պետք է ԵԱՀԿ շրջանակներում գնահատենք և պահպանենք»։

Անդրադառնալով մարդկային հարթությանը` Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ այն, ընդհանուր առմամբ, Եվրոպայում տարածաշրջանային բազմակողմ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքի հիմքում է ընկած, թեև ներկայումս ակնառու է այս ուղղությամբ հետընթացը. «Մարդու իրավունքները և ժողովրդավարության արժեքները հետ են մղվում, ինչը շատ վտանգավոր է»,- ընդգծեց ԱԳ նախարարը։

Զոհրաբ Մնացականյանը շեշտեց ԵԱՀԿ շրջանակում առկա կառույցների՝ ԺՀՄԻԳ-ի, Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի, Ազգային փոքրամասնությունների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի կարևորությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահել է վերջիններիս հետ համագործակցությունից:

«Մենք պետք է ապահովենք ԵԱՀԿ-ում առկա գործիքակազմի անխափան աշխատանքը: Այն պետք է պահպանվի և աջակցություն ստանա։ ԵԱՀԿ «Մարդկային հարթության իրականացման հանդիպման» շուրջ ստեղծված իրավիճակը ցավալի է։ Այն ի ցույց է դնում, թե ներկայումս որքան պաշտպանողական է այս հարթությունում մեր գործունեությունը: Տարիներ շարունակ ներգրավված ենք եղել ԵԱՀԿ շրջանակներում մարդկային հարթության երկխոսության մեջ՝ բարձր գնահատելով քաղաքացիական հասարակության դերը, և ըստ իս՝ նրան հետ մղելու փորձերն արդարացված չեն»։

Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարարն անընդունելի համարեց մարդու իրավունքների նկատմամբ ընտրողական վերաբերմունքը: «ԵԱՀԿ-ի շրջանակներում մենք ունենք հակամարտություններ: Մենք պետք է մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ որդեգրենք կարգավիճակով չպայմանավորված մոտեցում: Կան վայրեր, որտեղ մարդիկ ջանում են խթանել մարդու իրավունքները, սեփական ուժերով ստեղծելով համապատասխան ինստիտուտներ, քանի որ չեն վայելում այն աջակցությունը, որը շատերն ունեն: Անընդունելի է, երբ մի պարագայում դա տեղի է ունենում, իսկ մեկ այլ պարագայում՝ ոչ: Մարդու իրավունքները պայմանավորված չեն կարգավիճակով: Մենք պետք է ընդունենք դա և գտնենք անհրաժեշտ մեխանիզմ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում տարածելու համար: Եվ իհարկե, ես նկատի ունեմ նաև Արցախը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաբերում է մարդկանց։ Այն մարդկանց մասին է, նրանց կենսական, ֆիզիկական անվտանգության մասին: Դա է ընկած մեր մոտեցման առանցքում: Ես ցանկանում եմ նաև այս համատեքստում նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը, որի շրջանակներում մենք փորձում ենք գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը»:

Նախարարական ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ անցկացրեց մի շարք գործընկերների հետ: