ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ-ում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով 1992 թվականից զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը (OSCE Minsk Group), որի անդամներն են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ եռյակը կազմող երկրները` ռոտացիոն սկզբունքով (ներկայումս` Ղազախստան, Լիտվա եւ Իռլանդիա): Մինսկի խմբի ղեկավարումը իրականացնում է համանախագահությունը, որի մասին որոշումն ընդունվել է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում, իսկ մանդատը հաստատվել է 1995թ.: Ներկայումս Մինսկի խմբի համանախագահներն են դեսպան Ժակ Ֆորը (Ֆրանսիա), դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ դեսպան Ռոբերթ Բրադտկեն (ԱՄՆ): 1995թ. օգոստոսի 10-ին ԵԱՀԿ գործող նախագահը ստեղծել է ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը, որը 1996թ. հուլիսից զբաղեցնում է դեսպան Անջեյ Կասպրժիկը (Լեհաստան): Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում Մինսկի խմբին աջակցելու նպատակով ԵԱՀԿ-ի շրջանակներում 1994թ-ին ստեղծվել է նաեւ Բարձր մակարդակի ծրագրման խումբ (ԲՄԾԽ-High Level Planning Group): Ծրագրման խմբի խնդիրն է, անհրաժեշտության դեպքում, գործող նախագահին առաջարկություններ ներկայացնել ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի` ԼՂ-ում տեղակայման, վերջիններիս գործողությունների եւ այլ տեխնիկական ու կազմակերպչական հարցերի վերաբերյալ: