Համառոտ ակնարկ

ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային կազմակերպությունն է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Հյուսիսային Ամերիկայի 56 պետություններ: Կազմակերպության գործունեությունն ընթանում է 3 ուղղություններով` ռազմաքաղաքական, տնտեսական/բնապահպանական եւ հումանիտար, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հիմնախնդիրների «զամբյուղը»: ԵԱՀԿ մոտեցումը անվտանգության եւ կայունության ապահովման խնդիրներին բազմակողմանի է եւ համընդգրկուն: ԵԱՀԿ տեսանկյունից մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգումն ու պաշտպանությունը, ինչպես նաեւ տնտեսության ու շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառներում համագործակցությունը նույնքան կարեւոր են անվտանգության, խաղաղության եւ կայունության հաստատման համար, որքան ռազմաքաղաքական խնդիրների լուծումը: Անվտանգության տարբեր ասպեկտները` ռազմաքաղաքական, տնտեսական, հումանիտար դիտարկվում են փոխկապվածության եւ փոխկախվածության մեջ: Կազմակերպության գործունեության գերակայություններն են` հակամարտությունների վաղ ազդարարումն ու կանխարգելումը, ճգնաժամային կառավարումը, հետկոնֆլիկտային վերականգնումը: ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններն ունեն հավասար կարգավիճակ: Որոշումներն ընդունվում են կոնսենսուսով` ունենալով քաղաքական, այլ ոչ իրավական պարտադրող ուժ:

Եվրոպայում անվտանգության համագործակցության խորհուրդը (հետագայում` ԵԱՀԿ-ն) հիմնադրվել է 70-ականների սկզբին` «սառը պատերազմի» տարիներին Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ քաղաքական երկխոսության հաստատման նպատակով: ԵԱՀԽ առաջին նիստը գումարվել է 1973թ. հուլիսի 3-ին Հելսինկիում: Դրան հաջորդող երկու տարիների աշխատանքի արդյունքում 1975թ. օգոստոսի 1-ին Հելսինկիում ԵԱՀԽ 35 պետությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է «Հելսինկիի եզրափակիչ ակտ» հիմնարար փաստաթուղթը: Հելսինկյան գործընթացի հիմքում ընկած այդ փաստաթղթում ներառված էին այն կարեւորագույն պարտավորությունները, որոնք մասնակից պետությունները ստանձնել էին ռազմաքաղաքական, տնտեսական/բնապահպանական եւ հումանիտար ոլորտներում: Փաստաթուղթում տեղ էին գտել նաեւ այն 10 հիմնարար սկզբունքները, որոնք կոչված էին կարգավորվելու ինչպես պետությունների, այնպես էլ պետությունների եւ իրենց քաղաքացիների միջեւ հարաբերությունները.

  • ինքնիշխան հավասարություն, ինքնիշխանությանը հատուկ իրավունքների հարգում,
  • ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում,
  • սահմանների անխախտելիություն,
  • պետությունների տարածքային ամբողջականության հարգում,
  • վեճերի խաղաղ կարգավորում,
  • ներքին գործերին չմիջամտելը,
  • մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգում` ներառյալ մտքի, խղճի, կրոնի կամ դավանանքի ազատությունը,
  • ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքների հարգում,
  • պետությունների միջեւ համագործակցություն,
  • միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարում:

Մինչեւ 1990թ. ԵԱՀԽ-ն գործում էր իբրեւ հանդիպումների եւ համաժողովների շարք, որոնց ընթացքում ընդլայնվում էր մասնակից պետությունների հանձնառությունների շրջանակը եւ վերահսկվում դրանց իրագործումը: 1990թ. նոյեմբերին Փարիզում կայացած գագաթաժողովը նոր ուղղություն հաղորդեց ԵԱՀԽ աշխատանքներին: Գագաթաժողովին ընդունված Նոր Եվրոպայի համար կանոնադրության մեջ կոչ էր արվում ԵԱՀԽ-ին իր ուրույն դերակատարումն ունենալ Եվրոպայում տեղի ունեցող պատմական փոփոխություններում, դիմակայել նոր հետսառըպատերազմյան մարտահրավերներին: Փարիզի գագաթաժողովով սկսվեց ԵԱՀԽ վերափոխման, ինստիտուցիոնալիզացման գործընթացը: 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ ԵԱՀԽ-ն վերանվանվեց ԵԱՀԿ-ի: 1999թ. Ստամբուլի գագաթնաժողովի կարեւորագույն փաստաթուղթը դարձավ Եվրոպական անվտանգության խարտիան, որը կոչված էր զորացնելու ԵԱՀԿ կարողությունները հակամարտությունների կանխարգելման, կարգավորման եւ հետկոնֆլիկտային վերականգնման ոլորտներում, ինչպես նաեւ նպաստելու ԵԱՀԿ անվտանգության տարածքի ստեղծմանը: 21-րդ դարում ԵԱՀԿ առաջին գագաթաժողովը հրավիրվեց 2010թ. դեկտմեբրի 1-ից 2-ը Աստանայում: Ընդունվեց Հոբելյանական հռչակագիր, որում վերահաստատվում էին ԵԱՀԿ սկզբունքները եւ նախանշվում էին հետագա աշխատանքի ուղղությունները: