Համագործակցություն ԵԱՀԿ շրջանակներում. ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

Հայաստանն անդամակցում է ԵԱՀԿ-ին 1992թ. հունվարի 30-ից: ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարը համատեղության կարգով Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանն է (2011թ. հոկտեմբերից):

Ընդհանուր առմամբ, Հայաստանի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներում կարելի է գնահատել արդյունավետ: Հայաստանը շարունակում է ապահովել իր շահագրգիռ եւ գործնական ներգրավվածությունը ԵԱՀԿ-ում` ակտիվորեն մասնակցելով ԵԱՀԿ երեք հարթություններում իրականացվող աշխատանքներին:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը (Գրասենյակ) հիմնադրվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի որոշմամբ 1999թ. հուլիսի 22-ին, իսկ գործունեությունը սկսել է 2000թ. փետրվարի 16-ից` ՀՀ ԱԺ կողմից ՀՀ ԱԳՆ եւ ԵԱՀԿ միջեւ Փոխըմբռնման հուշագրի վավերացումից հետո:

Գրասենյակը լիազորված է.

  • աջակցել Հայաստանին ԵԱՀԿ սկզբունքների եւ պարտավորությունների իրագործման, ԵԱՀԿ շրջանակներում անվտանգության բոլոր ասպեկտները ներառող համագործակցության իրականացման հարցերում,
  • աջակցել ԵԱՀԿ գործող նախագահի, ԵԱՀԿ մարմինների հետ կոնտակտների հաստատման, գործունեության համակարգման, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ մարմինների հետ համագործակցության հարցերում,
  • հաստատել եւ պահպանել կապեր տեղական իշխանությունների, համալսարանների, հետազոտական կենտրոնների եւ ՀԿ-երի հետ, աջակցել ԵԱՀԿ մասնակցությամբ միջոցառումների կազմակերպմանը,
  • իրականացնել գործող նախագահի կամ ԵԱՀԿ այլ մարմինների կողմից անհրաժեշտ համարվող այլ խնդիրներ, եթե դրա վերաբերյալ կա համաձայնություն Հայաստանի եւ ԵԱՀԿ միջեւ:

2011թ. դրությամբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում աշխատում են ԵԱՀԿ անդամ-երկրների կողմից գործուղված 7 անձ եւ 40 ՀՀ քաղաքացի: 2011թ. դեկտեմբերի 7-ից, ԵԱՀԿ գործող նախագահի որոշմամբ, գրասենյակը ղեկավարում է Անդրեյ Սորոկինը: 2006թ.-ին ՀՀ կառավարության եւ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա Սյունիքում հիմնվել է ԵԱՀԿ ծրագրերի իրականացման ներկայացուցչություն: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն իրականացնում է գործունեություն ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններով` ռազմա-քաղաքական, բնապահպանական/տնտեսական եւ հումանիտար: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ են տարվում ահաբեկչության եւ թրաֆիքինգի տարբեր ձեւերի դեմ պայքարի, ոստիկանական ոլորտներում երկարաժամկետ ծրագրերի համատեղ մշակման ու համագործակցության խնդիրների շուրջ: Ոստիկանության աջակցության ծրագիրը, որը կազմում է ռազմաքաղաքական ոլորտում գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների զգալի մասը, ուղղված է ոստիկանության եւ բնակչության միջեւ վստահության ձեւավորմանը, հասարակության եւ ոստիկանության միջեւ փոխգործակցության ժամանակակից մոդելի մշակմանը: Գրասենյակը ներգրավված է նաեւ Հայաստանում օրենսդրական դաշտի բարեփոխումների, խորհրդարանի անձնակազմի վերապատրաստման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտներում իրականացվող ծրագրերում: Գրասենյակը նախաձեռնել է նաեւ մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսության կայունացմանը, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային փորձի փոխանակմանը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների վերացմանը, գյուղական շրջանների զարգացմանը: Բնապահպանական ոլորտում երեւանյան գրասենյակը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրագործում է մի շարք ծրագրեր: Մասնավորապես, գրասենյակը օժանդակում է «Օրհուս» իրազեկման կենտրոնների աշխատանքներին: Գրասենյակը ներգրավված է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի առաջացրած վտանգների ուսումնասիրության եւ վերացման գործում: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Սյունիքի ներկայացուցչությունը իրականացնում է ծրագրեր գյուղական շրջաններում փոքր եւ միջին ձեռնարկատիրության ու զբոսաշրջության զարգացման, գենդերային հավասարության եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների ասպարեզներում: ԵԱՀԿ գրասենյակը աջակցություն ցուցաբերեց ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի հիմնադրման գործում, որն առաջին ուսանողների համար իր դռները բացեց 2010թ. փետրվարին: 2011թ.-ին ՀՀ կառավարությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին է վստահել Հայաստանում վարչական կանոնակարգի բարեփոխումների, այսպես կոչված “Regulatory Guillotine”, ծրագրի իրականացման առաջնորդությունը: Ծրագիրի նպատական է հստակեցնել Հայաստանում գործող իրավապայմանագրային դաշտը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: ԵԱՀԿ գրասենյակի մանդատը չի ներառում մասնակցություն հակամարտության հետ կապված հարցերում: