• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիային

25 մարտի, 2021

Մարտի 25-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, օրակարգի “Ընթացիկ հարցեր” կետի ներքո ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության կողմից ներկայացվեց “Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիա” վերտառությամբ կետը։

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն իր խոսքում ընդգծեց, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարից հինգ ամիս անց Ադրբեջանը շարունակում է կոպտորեն ոտնահարել միջազգային մարդասիրական իրավունքը, Ժնևի կոնվենցիաները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները՝ առհամարելով միջազգային հանրության կոչերը անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և գերեվարված այլ անձանց։ 

Դեսպան Պապիկյանը խոսեց նաև «The Human Rights Watch»-ի  վերջին զեկույցի մասին, որտեղ փաստագրել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ դաժան և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի դեպքերը՝ դրանք որակելով որպես պատերազմական հանցագործություններ։ 

Այնուհետև, դեսպան Պապիկյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի հայկական բնակավայրերի ոչնչացմանը և դրանց տեղում ադրբեջանական բնակավայրեր հիմնելու Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությանը։ Այս համատեքստում դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ արցախահայության հանդեպ էթնիկ զտումների քաղաքականությանը զուգընթաց Ադրբեջանի շարունակական քայլեր է ձեռնարկում իր վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կամ դրանց յուրացման նպատակով։ 

Դեսպան Պապիկյանը նշեց, որ ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակությունը շարունակաբար բարձրաձայնում է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում գտնվող հայկական կրոնական և մշակութային կոթողների և հուշարձանների ճակատագրի մասին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ խիստ միջազգային արձագանքի բացակայությամբ պայմանավորված հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված ադրբեջանական բարբարոսությունները շարունակվում են։ Այս համատեքստում դեսպան Պապիկյանը տեղեկացրեց ԵԱՀԿ մասնակից երկրներին Մեխակավան բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերմա մասին՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ ՀՀ պատվիրակությունը դեռևս 2020թ․ նոյեմբերի 19-ին արդեն իսկ բարձրացրել էր ադրբեջանական զինվորների կողմից եկեղեցու սրբապղծման արգահատելի գործողությունների հարցը։

Եզրափակելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը երկու նախադեպ ստեղծեց․ առաջինը՝ հակամարտությունները ուժի կիրառմամբ կարգավորելու և երկրորդը՝ ԵԱՀԿ մասնակից երկրների կողմից տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխելու մասով։ Երկուսն էլ մտահոգիչ են և պետք է ԵԱՀԿ համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում լինեն։ 

Դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ ԼՂ-ում ներկայիս իրավիճակը Ադրբեջանի կողմից Հելսինկիի եզրափակիչ ակտի մի շարք հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ուժի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման սկզբունքների ոտնահարման արդյունք է։

Դեսպան Պապիկյանը նաև շեշտեց, որ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատումը հնարավոր է միայն հակամարտության համապարփակ կարգավորման դեպքում, այդ թվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի կարգավիճակի, տեղահանված բնակչության իրենց տներն անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովման, ինչպես նաև տարածաշրջանի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման միջոցով։    

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: