• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը Մշտական խորհրդին անդրադարձավ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիայի հարցին

26 նոյեմբերի, 2020
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը Մշտական խորհրդին անդրադարձավ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիայի հարցին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 26-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառված «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցի շուրջ ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։

Իր ելույթում դեսպան Պապիկյանն անդրադարձավ հետևյալ խնդիրներին․

Նշեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հաստատման և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության արդյունքում հնարավոր եղավ խուսափել մարդկային կյանքերի հետագա կորուստներից։ Ավելի քանի 6 շաբաթ տևած պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու արդյունքում ունեցել ենք կորուստներ բնակչության շրջանում, վնաս է հասցվել բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, Արցախի բնակչության կեսից ավելին տեղահանվել է։

Ադրբեջանի զինված ուժերի կողմից գործած պատերազմական հանցագործությունների առնչությամբ ուշադրություն հրավիրեց Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակների կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված զեկույցին, որում ամփոփված են հայ զինվորների, ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գործած ահասարսուռ հանցագործությունների մասին տվյալները՝ մարդասիրական իրավունքի նորմերի, պատերազմական հանցագործությունների վկայող փաստերը։

Տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի խնդրանքը՝ ՄԻԵԴ-ին 9 ռազմագերիների նկատմամբ արժանապատվությունը ոտնահարող և նսեմացնող վերաբերմունքի կապակցությամբ Ադրբեջանի հանդեպ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասով, ընդ որում պահանջելով Ադրբեջանից ապահովել ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը և նրանց տրամադրել անհրաժեշտ բժշկական օգնություն։

Դեսպանը նշեց նաև, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայման շնորհիվ սկսվել է Արցախի բնակչության վերադարձի գործընթացը։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը քայլեր է ձեռնարկում Արցախի բնակչությանը ահաբեկելու նպատակով։ Նոյեմբերի 11-ին Հայաստանի 10 քաղաքացիների առևանգվել են, որին ՄԻԵԴ-ն արձագանքելով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ բավարարել է Հայաստանի նաև այս խնդրանքը։

Ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ահաբեկման մարտավարությունը նպատակ ունի ստիպելու Արցախի ժողովրդին լքել իրենց հայրենիքը և միևնույն ժամանակ կանխելու փախստականների վերադարձը։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը և հետևաբար փոփոխել տարածաշրջանի ժողովրդագրական կառուցվածքը։

Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության վտանգված լինելու համատեքստում դատապարտելի համարեց, որ ադրբեջանական իշխանությունները փորձում են փոխել հայկական եկեղեցիների և վանքերի պատկանելիությունը՝ դրանք ներկայացնելով որպես աղվանական։

Նշեց, որ Արցախը հայկական մշակութային բնապատկերի անբաժանելի մասն է, և հայ ժողովրդի մշակութային հարստություն հանդիսացող եկեղեցիները, վանական համալիրները, բերդերը հայտնվել են վերացման վտանգի տակ, եթե առանց պատշաճ պաշտպանության թողնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո։ 

Հիշեցրեց Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ճակատագրի մասին, որն ամբողջությամբ հողին է հավասարեցվել Ադրբեջանի կողմից։ 

Տեղեկացրեց համացանցում հայտնված խիստ մտահոգիչ տեսագրությունների մասին՝ հայկական եկեղեցիների և կրոնական կոթողները ադրբեջանցի զինվորների կողմից պղծելու վերաբերյալ։

Կոչ արեց Հայաստանի միջազգային գործընկերներին և համապատասխան մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը և պահպանությունը։

Արցախի դեմ ռազմական ագրեսիայի սանձազերծման գործում Թուրքիայի դերակատարման և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների հակամարտության գոտի տեղափոխելու մասով նշեց, որ Հայաստանը բազմիցս և մանրամասն խոսել է սրա մասին և կոչ արել Թուրքիային դուրս բերի տարածաշրջանից իր զինվորականներին, սպառազինությունները և զինյալ ահաբեկիչներին։ 

Դեսպանը մտահոգիչ համարեց այն տեղեկատվությունը, համաձայն որի Թուրքիան սկսել է Սիրիայի Աֆրին շրջանում էթնիկ թուրքոմաններին հավաքագրելու գործընթացը՝ դրանց ընտանիքներով Արցախում վերաբնակեցնելու նպատակով։ Կա նաև պնդումներ, որ տարածաշրջանի էթնիկ կազմը, փոփոխելու նպատակով Թուրքիայի կառավարությունն արդեն վերաբնակեցրել է տասնյակ արաբ և թուրքոման ընտանիքներ այն տարածքներում, որոնք Արցախի հայ բնակիչները ստիպված էին լքել։ 

Ընդգծեց, որ Թուրքիայի ղեկավարության կողմից հայ ժողովրդի հանդեպ դրսևորվող թշնամանքը ամրապնդում են Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության անվտանգային մտահոգությունները, որոնց հիմքում Հայոց Ցեղասպանությունն է։ Ավելացրեց, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունը մերժել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։

հաշվի առնելով Թուրքիայի ներգրավվածությունը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմում, Թուրքիան չի կարող և չպետք է որևէ դերակատարում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։

Ափսոսանք հայտնեց, որ Թուրքիայի ղեկավարությունն ընտրել է ժխտողականության, առճակատման և ահաբեկչության քաղաքականությունը՝ էլ ավելի հրահրելով լարվածությունները և հակամարտությունները Հարավային Կովկասում և անդին։

Ամփոփելով ելույթը՝ դեսպան Պապիկյանը շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միակ միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափը, որը վայելում է Հայաստանի ամբողջական աջակցությունը։ ԼՂ խաղաղ գործընթացին առընչվող բոլոր խնդիրները և հակամարտության վերջնական կարգավորումը, ներառյալ Արցախի կարգավիճակը, պետք է քննարկվեն բացառապես այդ ձևաչափում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: