• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված նոր սերնդի պատերազմների մարտահրավերներին

12 մայիսի, 2021

Մայիսի 12-ին ՀՀ նախագահության ներքո տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նիստը՝ նվիրված նոր սերնդի պատերազմների մարտահրավերներին: 

Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը ներկայացրեց զենքերի և տեխնոլոգիաների զարգացման անվտանգային հետևանքները։ Նա, մասնավորապես, նշեց, որ դրանք կարող են բազմապատկել առկա սպառնալիքները, նպաստել նոր վտանգների առաջացմանը և սպառազինությունների մրցավազքի: Ավելին, հեռակառավարվող և գերճշգրիտ զինատեսակների օգտագործումը, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել հակառակորդի ոչ միայն ռազմական ներուժը, այլև առանցքային ենթակառուցվածքները, կարող են խրախուսել պետություններին՝ դիտարկելու ուժի կիրառումը որպես հակամարտությունների և վեճերի կարգավորման ընդունելի տարբերակ: Միևնույն ժամանակ, գերճշգրիտ զենքերի օգտագործման արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մեծ թիվը փաստում է, որ նման սպառազինությունների կիրառումը չի ծառայում քաղաքացիական զոհերից խուսափելու  հիմնական նպատակին, ավելին՝ շատ ժամանակ բերում է քաղաքացիական բնակչության դեմ դրանց  միտումնավոր կիրառմանը։  Նշվեց, որ ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների առկայության և ուժի կիրառման, սպառազինությունների վերահսկման ռեժիմների թուլացման և ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև աճող տարաձայնությունների պայմաններում անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել սպառազինությունների ոլորտում արագընթաց զարգացումներին: 

Նիստին բանախոսություններով հանդես եկան ՀՀ Պաշտպանության նախարարության գնդապետ Ժիրայր Ամիրխանյանը, ՄԱԿ-ի Զինաթափման գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Սառա Մարի Գրանդ Կլեմենտը և Անվտանգային քաղաքականության Ժնևի կենտրոնի անվտանգության և իրավունքի ծրագրի ղեկավար Թոբիաս Վեստները։

Մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրվեց 2020թ. Ադրբեջանի կողմից Արցախի և վերջինիս քաղաքացիական բնակչության դեմ ծանր զինատեսակների, ներառյալ LORA տեսակի գերճշգրիտ բալիստիկ հրթիռների և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառման վրա: Ներկայացվեց 2016թ. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ձեռք բերված զինատեսակների ծավալը՝ որպես Արցախի դեմ նոր պատերազմի նախապատրաստվելու նշան: 

Նշվեց, որ 2020թ. Արցախյան պատերազմի հետևանքները մասնակից պետությունների համար պետք է ծառայեն՝ որպես ուժի կիրառման անթույլատրելիության և սպառազինությունների վերահսկման արդյունավետ մեխանիզմների ապահովման անհրաժեշտության մշտական հիշեցում:  

Բանախոսները ներկայացրեցին սովորական սպառազինությունների ոլորտում վերջին զարգացումները, զինատեսակների և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները և դրանց հնարավոր անվտանգային հետևանքները: Անդրադարձ կատարվեց նորագույն զինատեսակների մարտահրավերները հասցեագրելու գործում ԵԱՀԿ դերին և կարողություններին: 

Նիստին ելույթներով հանդես եկան ԵԱՀԿ մասնակից երկրների պատվիրակությունները, որոնք բարձր գնահատեցին ԵԱՀԿ ԱՀՖ շրջանակներում նոր սերնդի պատերազմների մարտահրավերների թեմայով քննարկումներ կազմակերպելու Հայաստանի նախաձեռնությունը։ 



կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: